Օգնություն:Դասընթաց
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը (ԵՕՀՊՄ քոլեջ) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնամարզական կրթական հաստատություն է, որը հիմնադրվել է 1971 թվականին։ Քոլեջն իրականացնում է հանրակրթական, միջին մասնագիտական և մարզական ծրագրեր՝ նպատակ ունենալով պատրաստել տարբեր մարզաձևերի մարզիկներ։
1971 թվականին ՀԽՍՀ լուսավորության նախարարության հրամանով թիվ 10 միջնակարգ գիշերօթիկ դպրոցին տրվել է մարզական թեքում։ 1989 թվականին այն վերակազմավորվել է Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի, իսկ 2005 թվականին՝ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի։ 2023 թվականին հաստատությունը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Քոլեջում իրականացվում են հանրակրթական, միջին մասնագիտական և մարզական կրթական ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան։ Հաստատությունն ունի մարզադահլիճներ, մարզադաշտեր, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր, բուժկետ, գրադարան, թանգարան, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, որակի ապահովման և կարիերայի կենտրոններ։
ՀՀ կառավարության ֆինանսավորման շրջանակում քոլեջում ուսուցումը, մարզումները, սնունդը և գիշերակացն անվճար են։ Մարզերից ընդունված սովորողները բնակվում են քոլեջի հանրակացարանում։ Հաստատությունում կազմակերպվում են նաև ուսումնամարզական հավաքներ։ Քոլեջն իր գործունեության ընթացքում պատրաստել է շուրջ 7000 շրջանավարտ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից։ Շրջանավարտների թվում կան Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ։
Քոլեջի բազմաթիվ սաներ ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների կազմում։